Small Abul mountain
Սարն ի վեր Վրաց աշխարհ

Փոքր Աբուլ՝ Ջավախքի գեղեցկուհին

By
on
6 Փետրվարի, 2020

Վրաստանում՝ Ջավախքի բարձրավանդակում, հյուսիսից հարավ ձգվում է Սամսարի լեռնաշղթան՝ լեռնամարգագետնային և լեռնատափաստանային բուսականությամբ լանջերով։ Այս լեռնաշղթան կազմված է հրաբխային զանգվածներից։ Ամենաբարձր գագաթն է Մեծ Աբուլ լեռը՝ ծովի մակարդակից 3301 մետր բարձրությամբ։

Ասում են՝ Մեծ Աբուլ լեռան բարձունքից ֆանտաստիկ տեսարան է բացվում, նույնիսկ Փարվանա լիճն է երեւում։

Օգոստոսին, երբ գնացինք Ջավախք՝ բարձրանալու Մեծ Աբուլ, առաջին օրը գիշերեցինք լեռան լանջին՝ գյուղի վերեւում։ Հաջորդ օրը լեռան շուրջ մութ ու անթափանց մշուշ հավաքվեց, ու որոշեցինք փոխարենը բարձրանալ Փոքր Աբուլ լեռը (2799մ ծովի մակարդակից):

Ամբողջ ճանապարհը մոտ 17 կմ էր՝ Wikiloc հավելվածով գծեցինք ու սկսեցինք քայլել։ Ճանապարհին տեսարանները սիրուն էին, եղանակը՝ մեղմ, քամոտ։
Այս լեռը, ճիշտ Արագածի նման, հրաբխային ծագում ունի, ու ահռելի մեծ քարեր էին ամենավերեւում։ Լեռան ամենավերեւի  հատվածը բարձրանալ փոքր֊ինչ ավելի դժվար էր։ Իսկ ավելի դժվար էր հենց այդ նույն մասից իջնելը։

Նոր էինք հասել գագաթին, մի թեթեւ ճաշեցինք ու փորձում էինք տաքացած քարերի վրա պառկած մի քիչ հանգստանալ, երբ շատ արագ ու անսպասելի կարկուտ սկսեց տեղալ։ Շտապեցինք իջնել։ Կարկուտը վերածվեց անձրեւի, ամպերը հենց մեր կողքով էին լողում, փորձում էինք թաց քարերի վրայից չսահել։

Տպավորություններն ու տեսարանները հրաշալի էին։ Անխոս արժի այս ճանապարհը մեկ անգամ էլ անցնել՝ էս անգամ արդեն՝ Մեծ Աբուլի գագաթից ավելի ֆանտաստիկ տեսարանների համար։

 

Արշավի հետագիծը՝ քարտեզով

Ֆոտոներ արշավից

TAGS
RELATED POSTS

LEAVE A COMMENT